
Եթե դուք մտադրվել եք դառնալ հայտնի բլոգեր, աչքի ընկնել ձեր բլոգի շնորհիվ, ունենալ հազարավոր ընթերցողներ և գտնել ձեր տեղը բլոգոսֆերայի արևի տակ, ապա ստիպված եք լինելու հետևել այս խորհուրդներին։ Նրանք, ովքեր սա չանեն, կարող են ո՜չ մի հույս չունենալ բլոգինգից և հանգիստ զբաղվել որևէ այլ գործունեությամբ, քանի որ այն, ինչ պիտի ասեմ, գիտակցաբար կամ ենթագիտակցաբար արել և անում են բոլոր հաջողակ բլոգերները։ Դուք կարող եք չհետևել այս խորհուրդներին և դոփել տեղում, բայց կարող եք նաև շատ կարճ ժամանակում հասնել հաջողության։ Հետևեք այս 5 խորհուրդին։
1. Անվանեք ձեր բլոգը
Եթե դուք ՀՀ վարչապետն եք, ապա ձեր բլոգը կարող է կոչվել «Տիգրան Սարգսյանի բլոգը», քանզի այդ անունն, ի տարբեություն շատ ու շատ այլ անունների, ինչ-որ բան ասում է ընթերցողին, այն լավագույն գովազդն է բլոգի համար։ Սակայն եթե դուք դեռևս հայտնի չեք հասարակությանը, երբեք մի գրեք ձեր անունը բլոգի վերնագրում, այդպես վարվում են անհաջողակները։ Կան արդեն երկար ժամանակ վարվող, պարբերաբար թարմացվող հայալեզու բլոգներ, որոնք այդպես էլ մնում են անտեսված ու ընթերցվում են միայն վարողի ընկերների կողմից։ Բլոգի բովանդակության հետ դա ոչ մի կապ չունի, պատճառը վերնագիրն է, այն խոսում է բլոգերի՝ երևակայությունից զուրկ լինելու, միապաղաղության մասին։ «Պողոս Պողոսյան» ու «Հովհաննես Բախշիկի» անուններն ընթերցողի համար ոչինչ չեն նշանակում և գրեթե նույն բանն են ասում. «Այս բլոգը վարում է սովորական մի անծանոթ»։ Ուշադրություն դարձրեք հայտնի հայ բլոգերների բլոգներին։ Դրանք երբեք չունեն «Գառսեվանի բլոգը» վերնագիր։ Ավելին՝ հայտնի բլոգների վերնագրերում ընդհանրապես չի նշվում «բլոգ» բառը։ Դրանք ունեն հատուկ իրենց համար հորինված անուններ։ Եվ ուրեմն, ձեր բլոգի վերնագիրը նույնպես պիտի լինի դրա անունը, ոչ թե պատկանելություն ցույց տվող նախադասություն։
2. Կարդացեք
Նա, ով ոչինչ չի կարդում և ուզում է ինչ-որ բան գրել, նման է այն կնոջը, որը փորձում է առանց թելի գուլպա գործել։ Եթե դուք չկարդաք, չեն կարդալու և «ձեզ»։ Դուք շարունակելու եք մեկը մյուսի հետևից գրառումներ կատարել, գովազդել ձեր բլոգը և նյարդայնանալ այն պատճառով, որ չեք կարողանում հետաքրքրել ընթերցողին, ընդունվել որպես անհատականություն։ Դուք այնպես եք անելու, որ մեկ անգամ ձեր բլոգ մտած մարդն հաջորդ անգամ չսեղմի դրա գովազդի վրա սոց. ցանցերում, քանի որ գիտի՝ այնտեղ դատարկաբանություն է գրված։ Դուք աստիճանաբար հիասթափեցնելու եք նրանց, ովքեր գոնե սկզբում հետաքրքրված էին ձեզանով և, ի վերջո, հիասթափվեք ինքներդ ու թարգեք զբաղվել բլոգինգով։ Եթե դուք չեք սիրում կարդալ, եթե դուք պատճառաբանում եք, թե կարդալու ժամանակ չունեք, ապա այս տողերը կարդալուց հետո մտածեցիք, որ դրանք հիմարություն են։ Շնորհավորում եմ, հիմա դուք իմացաք, թե ինչ են մտածում մարդիկ, երբ կարդում են ձեր բլոգը՝ այն հիմարություն է։
3. Հիշեք համադրության մասին
Լավ վերնագիր ու լավ բովանդակություն ունենալ, նշանակում է ունենալ 2/3 բլոգ։ Իսկ մեկ ամբողջ բլոգ ունենալու համար անհրաժեշտ է հիշել, թե ինչից է «կազմված» հաջողակ բլոգերը։ Նա 80 տոկոս գրող/լրագրող է և 20 տոկոս վեբ մշակող։ Եթե սև ու սպիտակ ու գունավոր ամսագրերը դնեն իրար կողք և նույն գնով վաճառեն, բնականաբար, ավելի շատ գնելու են գունավորը։ Նմանապես էլ գեղեղեցիկ համակարգչային ձևավորումով ու կոշտ կազմով գրքերն ավելի կարևոր են թվում մարդկանց, քան բարակ կազմով, մատիտով արած նակարներով գրքույկները, որոնք ասես ճչան. «Ես աննշան հնություն եմ»։ Բլոգի ձևավորումը նույնքան կարևոր է։ Այն պիտի համապատասխան լինի իր բովանդակությանը, ունենա բոլոր անհրաժեշտ հարմարությունները ընթերցողին բավարարելու համար և, միևնույն ժամանակ, դժվար չբեռնվի՝ լինի թեթև։ Երբեք մի անտեսեք բլոգի տեխնիկական մասը։ Այն ավելի լավը դարձնելու համար կարող եք պարզապես նայել, թե ինչ են անում ավելի հայտնի բլոգերները և փնտրել թեմատիկ հոդվածներ ինտերնետում։ Մի փոքր HTML, php և CSS իմացությունը նույնպես չի խանգարի։ Եթե անգամ անգիր չանեք այդ լեզուները, ապա կարևոր է իմանալ այն տեղերը, որտեղից կարելի է պարզապես copy անել անհրաժեշտ կոդերը։ Մի անտեսեք այս խորհուրդը՝ հիշեք համադրության մասին։
4. Հարգեք ընթերցողին
Ընթերցողի հանդեպ անարգանքը կարող է արտահայտվել տարբեր կերպ՝ հայհոյանքներ, չափից շատ տառասխալներ, փոքր շրիֆտ, սպիտակով սևին գրած աչք ծակող տեքստեր, օրեկան 10-20 անիմաստ գրառումներ, որոնք մեկ լուսանկար են պարունակում, կամ մեկ վիդեո, մեկնաբանությունների անտեսում, 10 րոպեում արած գրառումներ։ Այս ցանկը կարելի է թվարկել ու թվարկել և այն կարող եք շարունակել ինքներդ։ Պարզապես հանեք ձեր բլոգից այն ամենն, ինչ անհանգստություն է պատճառում ձեզ ուրիշների բլոգները կարդալիս և այն ամենը, ինչի մասին ընթերցողները նկատողություն են անում։ Եթե դուք սա չանեք ի վերջո դասվելու եք անհաջողակների այն տեսակին, որոնք այնքան են մարդկանց նյարդայնացնելով ուշադրություն գրավել, որ արդեն կարծում են, թե դրա համար այլ եղանակներ չկան։ Դուք սկսելու եք դիտմամբ համառել, ավելի ու ավելի բարկացնել մարդկանց և, ասենք, 50-ին մոտ, լավագույն դեպքում, հետաքրքիր միջակություն եք լինելու, որը զբաղեցնում է մարդկանց կապիկություններ անելով։ Թաղապետների թեկնածուներն հաճենում են մարդկանց ասֆալտ գցելով, նորոգելով շենքերը, երգիչ-երգչուհիները ձայնագրում են առավել հայտնի երգերին նման երգեր, պիցցա թխողը, միևնույն է, քչացնում է խմորի աղը, եթե այն շատ է թվում այցելուներին, բայց հաճելի է իր քիմքին։ Անիմաստ համառությամբ աչքի են ընկնում միայն հիմարները՝ հաշվի առեք ընթերցողին։
5. Հետաքրքրեք
Եթե անգամ ձեր բլոգն արդեն հազարավոր ընթերցողներ ունի, մի եղեք միօրինակ, մոնոտոն։ Փորձարկեք, զվարճացրեք, զբաղեցրեք ընթերցողին, անգամ եթե ձեր բլոգի թեման թաղման պարագաներն են՝ կատակեք երբեմն։ Խելացի բաներ կարող են գրել շատերը, բայց «հիմարություններ» գրելու վճռականություն քչերին է հերիքում։ Թատրոնի դերասանը չի գնում սերիալներ, օպերային երգիչը հրաժարվում է փոփ կատարել, գրողը չի ցանկանում թեթև ժանրերում գրել։ Մեռնելուց հետո դասական դառնալու ցանկությունը շատերի համար ավելի գայթակղիչ է, քան ապրելիս սիրելի լինելը։ Մի վարվեք այդպես։ Եթե անգամ ձեր գիտելիքները թույլ են տալիս գիտական տրակտատներ գրել, հիշեք, որ դրանք ի վերջո ձանձրացնելու են։ Եղեք բազմաշերտ։ Ուշադրություն գրավեք ձեր անձի հանդեպ, «անմտածված» քայլեր արեք, սխալվեք և ուղղեք ձեր սխալը, ստիպեք ընթերցողին ամեն անգամ մի նոր բան սպասել ձեզանից։ Միայն այդ դեպքում կարող եք հասնել նրան, որպեսզի մարդիկ սպասեն ձեր յուրաքանչյուր նոր գրառման, որպեսզի ուշադրությամբ հետևեն ձեր ամեն մի քայլի։ Սա այն կանոններից մեկն է, որին հետևում են գրեթե բոլոր հաջողակ մարդիկ, որոնց դուք ճանաչում եք։
Եվ վերջում, երբեք մի հուսահատվեք, երբեք մի հարցրեք, թե երբ է վերջապես գալու սպասված հաջողությունը։ Պարզապես աշխատեք, աշխատեք ու աշխատեք։ Արդյունքները երբեմն ուշանում են, բայց գալիս են միշտ, եթե իրենց սպասում ես հավատալով ու չհանձնվելով։

.png)

